ԱՎԱԳ ԴՊՐՈՑ. ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԿՅԱՆՔԻ ՇԵՄ
Հանրակրթության բարեփոխումների առանցքային նախաձեռնություններից մեկն անցումն է 12-ամյա հանրակրթական համակարգին, որի իրականացումը սկսվել է 2006 թվականին և նախատեսվում է ավարտել 2012 թվականին: Այս գործընթացի շրջանակներում 2009-2010 ուսումնական տարվանից նախատեսվում է եռամյա ավագ դպրոցի ներդրումը: Ավագ դպրոցներում իրականացվում է տարբերակված հոսքային (մասնագիտացված) կրթություն: Հայաստանում արդեն մեկ ուսումնական տարի գործում է 10 ավագ դպրոց։ Դրանցից մեկը Երևանի թիվ 198 դպրոցն է, որի տնօրեն Արտաշես Թորոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ավագ դպրոցը հանրակրթության վերջին օղակն է և պետք է պատրաստի սովորողներին ինքնուրույն կյանքի ու աշխատանքի շուկա մտնելուն:
Կրթությունը, ըստ նրա, իրենից ներկայացնում է ծառայություն, և ծնողները գերադասում են ավագ դպրոցում ընտրել այնպիսի դասընթացներ, որոնք աշակերտներին առավելագույն չափով կնախապատրաստեն նախամասնագիտական կամ նախահամալսարանական կրթությանը։ Եվ մինչ ավագ դպրոցների ստեղծումը, նրանք հանրակրթական դպրոցի ավագ բաժինը թերագնահատում էին՝ նախընտրելով երեխաների նախաբուհական կրթությունը վստահել կա՛մ մասնագիտացված դպրոցներին, կա՛մ կրկնուսույցներին։ Այժմ պետությունն ինքն է նախաձեռնել այնպիսի մի գործընթաց, որը երեխային տալիս է շատ կոնկրետ, իրեն հետաքրքրող ուղղություն, հնարավորություն ավելի խոր ուսումնասիրելու և ավելի լավ նախապատրաստվելու բուհում սովորելու համար։ Բացի այդ, այս համակարգը հավասար հնարավորություններ է ապահովում բոլոր աշակերտների համար։ «Պետք է նկատի ունենալ, որ մեր հասարակությունը բավականին շերտավորված է, և երեխաների երկու երրորդը վճարունակ չէ՝ կրկնուսույցների մոտ պարապելու համար։ Այս պայմաններում ավագ դպրոցը բոլորին հավասար հնարավորություններ է տալիս։ Իհարկե, ասել, որ մեկ տարում վերջնականապես ձևավորվել, ամփոփվել է ավագ դպրոցի ներդրումը, հնարավոր չէ։ Դա կարող է թյուրիմացության մեջ գցել հասարակությանը։ Բայց մենք գտնվում ենք զարգացման փուլում։ Ավագ դպրոցի մեկամյա աշխատանքները ցույց տվեցին, որ երեխաների զգալի մասն ուզում է սովորել։ Այլ հարց է, թե նրանք ունե՞ն, արդյոք, այդպիսի խորացված ինտենսիվ ուսուցման բավարար նախապատրաստվածություն։ Խոսքը ոչ միայն գիտելիքների, այլև սովորել կարողանալու մասին է։ Աշակերտների զգալի մասը չգիտի սովորելու ձևը, և մենք ամբողջ տարվա ընթացքում նրանց նաև օգնում էինք ինչպես սովորել, վերլուծել, օգտվել տարբեր աղբյուրներից, չսահմանափակվել միայն դասագրքերով։ Այսօր մենք ունենք աշակերտներ, ովքեր կանգնած են նույն դասարանում մնալու խնդրի առաջ։ Եվ այդ աշակերտներն իրենք են խնդրում հնարավորություն տալ արդեն գիտակցված իրենց ուսումը շարունակել։ Մանկավարժական կոլեկտիվն այս փուլում ավելի շատ աշխատանք է տարել երեխաներին այս ուսումնական գործընթացին մասնակից դարձնելու, ինտեգրելու համար»,- նշում է Ա. Թորոսյանը՝ ավելացնելով, որ իրենց սաները գիտակցում են գիտելիքի անհրաժեշտությունը, և այսօր ավագ դպրոցում գրանցվում է բավականին բարձր հաճախելիություն։
Ավագ դպրոց ընդունվում են բոլոր ցանկացողները։ Կարծիք կա, որ ընդունելությունն ավագ դպրոցում պետք է կատարվի մրցութային կարգով, որպեսզի ապահովվի ուսման արդյունավետությունը։ Թիվ 198 դպրոցի տնօրենը կտրականապես դեմ է այս մոտեցմանը. «Ավագ դպրոցը հանրակրթության բաղկացուցիչներից է և գտնվում է կրթության իրավունքի սահմաններում, այսինքն՝ եթե երեխան ցանկանում է սովորել, նա դրա իրավունքը պետք է ունենա։ Ի վերջո, պարտադիր չէ, որ բոլորը դառնան բարձրակարգ մասնագետներ»։
Տնօրենի համոզմամբ՝ կրթության արդյունավետության նախապայմանը նաև ուսուցիչներն են։ Ավագ դպրոցում դասավանդելու համար անհրաժեշտ են գիտելիքներով և դասավանդման նոր մեթոդներով զինված մանկավարժներ։ «ՈՒսուցիչները պարբերաբար վերապատրաստվում են։ Այլ բան է, որ այսօր կարիք կա մշակելու նոր աշխատաոճ ավագ դպրոցում։ Ուսուցիչը պետք է կատարի նաև իր աշխատանքների, աշակերտի ցուցաբերած առաջադիմության լուրջ վերլուծություն։ Սակայն դասաժամերից հետո նման աշխատանքի ժամանակ հաճախ չի մնում։ Ավագ դպրոցի ուսուցիչների ուսումնական ծանրաբեռնվածությունը չպետք է գերազանցի 22 ժամը»,- ասում է պարոն Թորոսյանը՝ մեջբերելով ֆիզիկայի օրենքներից մեկը՝ շահում ես ճանապարհի մեջ, կորցնում ես ուժի մեջ։ Բնականաբար, շաբաթական 40 ժամ պարապող ուսուցիչն ուղղակի ուժասպառ է լինում, և լրացուցիչ պատրաստվելու, վերլուծություններ անելու ուժ ու ժամանակ չի մնում։ Նշենք, որ ավագ դպրոցի ուսուցիչները 20 տոկոսով ավելի են վարձատրվում։ Սակայն այս տարբերությունը շատ չնչին է, եթե հաշվի առնենք նրանց աշխատանքի ծավալը և այն, որ ավագ դպրոցում, որպես կանոն, դասավանդում են ավելի փորձառու և բարձրակարգ մասնագետներ։
Այս տարի նախապատրաստվել է դասագրքերի նոր խումբ ավագ դպրոցի համար, որոնք նախատեսված են և՛ խորացված ուսուցման, և՛ ոչ մասնագիտական հոսքերի համար։ Սակայն թիվ 198 դպրոցի տնօրենը նկատում է, որ ավագ դպրոցը չի կարող առաջնորդվել միայն դասագրքով։ Ուսուցիչն ու աշակերտը պետք է օգտվեն նաև համացանցից, այլ գրականությունից և աղբյուրներից։
Պարոն Թորոսյանն անդրադարձավ նաև միասնական, ավարտական քննություններին՝ նշելով, որ նոր քննակարգը դպրոցի համար հրաշալի տարբերակ է, և ինքը կողմնակից է, որ ընդհանրապես ոչ մի քննություն դպրոցում չկազմակերպվի՝ սուբյեկտիվ գործոններից խուսափելու համար։ «Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ այս համակարգով գիտելիքներ ունեցող աշակերտը բոլոր հնարավորություններն ունի ընդունվելու բարձրագույն ուսումնական հաստատություն, դա արդեն իսկ խոսում է այս համակարգի օգտակար լինելու մասին։ Մի փոքր էլ որ գնանք առաջ, զարգանանք և սովորենք, որ ընդունելության քննությունները մրցություն են և ոչ թե փոխօգնության միջավայր, որտեղ բոլորը բոլորին օգնում են (երեխաներին նկատի ունեմ), այս քննություններն ավելի լավը կդառնան»,- նշում է Ա. Թորոսյանը։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ